Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձվի գինը իջեցրել է, հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն դրա արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները։
«Ինձ քիչ առաջ տեղեկացրին, որ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8000 հավերը և փակվելու է։ 88 աշխատող մնում են անգործ։ Արդյոք սա ազատ, թափանցիկ մրցակցության դրսևորում է, երբ խոշոր ընկերությունը դեմպինգ (խմբ․-ապրանքների և ծառայությունների վաճառք` արհեստականորեն ցածր գներով) է անում և փոքր ընկերությունները դրանից խեղճանում են»,-հարց ուղղեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին պատգամավորը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Աշտարակ» ընկերությունը դիմել է այս հարցով հանձնաժողովին, սակայն մինչև հանձնաժողովը ուսումնասիրում է, ընկերություն է փակվում։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ի պատասխան նշեց, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան չի կարող դեմպինգ անել․ «10 տոկոսին էլ մոտիկ չի իր ազդեցությունը։ Ասել ենք՝ ինչու է ձվի շուկայում այդպես։ Եթե շուկան ինքը չկայացավ, այսպիսի խնդիրներ լինելու են։ Շղթա է գործում․ մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել։ Չի կարող շուկայում 4-5 տոկոս ունեցող սուբյեկտը իրականացնի դեմպինգ»։
Փետրվարի 11-ին Իրավաբան․net-ը հայտնել էր, որ Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը 5 միլիարդ դրամով գնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։ Այս ընկերությունը միակ հայտ ներկայացրածն է եղել հայտարարված մրցույթին։
Ըստ պետական ռեգիստրից ստացված տվյալների՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն 2019 թվականից ի վեր 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Նարեկ Նալբանդյանին։
«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն-ի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընկերությունը զբաղվում է նաև ձվի արտադրությամբ («Շիրակ» թռչնաֆաբրիկա)։
Լուսանկարում՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը և ԱԺ պատագամավոր Թագուհի Թովմասյանը