Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային՝ խնդրելով օդային միջանցք բացել

Թուրքիան դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային՝ խնդրելով օդային միջանցք բացել իր քաղաքացիների տարհանման համար:

Այս մասին հայտնում է TASS-ը՝ նշելով, որ այս մասին թուրքական NTV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք այս պահին բանակցում ենք ավտոբուսային ընկերությունների հետ: Սակայն հետ վերադառնալ ցանկացող անձանց թիվը շատ է: Մենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի մոտ հանդես ենք եկել նախաձեռնությամբ՝ բացելու օդային միջանցք: Պատրաստ ենք նաև տարհանել քաղաքացիներին ծովով»,- նշել է նա:

Չավուշօղլուն հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է սերտ կապի մեջ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկիի հետ: Նա վերահաստատել է իրենց պատրաստակամությունը երկու նախագահների հանդիպում կազմակերպելու Թուրքիայի տարածքում:

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել