Ամեն օր փոխվում է անկողնու սպիտակեղենը, պացիենտն անընդհատ գտնվում է բուժքրոջ կամ բուժակի տեսադաշտում․ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

Հիվանդանոցներում ամենածանր ու պատասխանատու աշխատանքը բաժին է ընկնում վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքին: Այս բաժանմունքում պառկող պացիենտների թվում կան անգիտակից կամ թույլ գիտակցությամբ պացիենտներ, ովքեր շատ հաճախ անցնում են թոքերի արհեստական օդափոխության:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ այս պացիենտները իրենց վիճակի ծայրահեղ անօգնական լինելու պատճառով, ոչ միայն ինտենսիվ բուժման կարիք ունեն, այլև առավել ուշադիր և մանրակրկիտ խնամքի:

«Մեր կենտրոնի ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բուժական գործողություններից զատ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պացիենտների հիգիենային: Ամեն օր ժամը 12:00-16:00 ընկած ժամանակահատվածում կրտսեր բուժանձնակազմի կողմից խոնավ անձեռոցիկներով սրբվում է պացիենտի ամբողջ մարմինն ու դեմքը, կատարվում է բերանի մանրակրկիտ հիգիենա: Դրենաժների, ինտուբացիոն փողրակների և այլնի առկայության դեպքում դատարկվում են ընդունիչները, փոխվում վիրակապերը: Ամեն օր հիգիենիկ միջոցառումներից հետո փոխվում է անկողնու սպիտակեղենը:

Պացիենտն անընդհատ գտնվում է բուժքրոջ կամ բուժակի տեսադաշտում, ակնդետ հսկողության տակ»,-նշում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել