«Արդեն հայտնի է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 24-ին Վիեննայում, եթե հանդիպման օրակարգի վերաբերյալ հստակություն կա, խնդրում եմ ներկայացնել»,-այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
ԱԳ նխարարի խոսքով՝ հույս ունեն, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջև։
«Քննարկումներ՝ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Ուզում եմ միայն ավելացնել, որ պաշտոնական Անկարայից այս մասին եկող ազդակները, ուղերձները ակնարկներն առավելապես դրական կոնտեքստի մեջ են և մեր ակնկալիքներն էլ այդպիսին են»,-ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանի Անթալյա մեկնելու լուրերը չեն քննարկվում և նման որոշում չկա։