Հստակեցվել են ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները

ԱԺ հերթական նիստում, որը գումարվել է փետրվարի 8-ին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, հստակեցվել են Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները, նաեւ այն ձայների քանակը, որն անհրաժեշտ է համապատասխան որոշումներ կայացնելու համար:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Կառավարության դրական տեսակետը: Փոխնախարարը նշել է, որ հեղինակներն ընդունել են գործադիրի առաջարկները:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 9-ին:

Օրվա վերջին նիստում պատգամավորները «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի հանաձայն՝ հանդես են եկել հայտարարություններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել