«ՀՀ-ն աստիճանաբար անցում է կատարելու համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը»․ Հակակոռուպցիոն ռազմավարություն

Հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդումն ամրագրված է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ։

Կոռուպցիայի կանխարգելման հարցում առանցքային նշանակություն ունի հանրային ծառայողի բարեվարքության նորմերին համապատասխանող հանրային կերպարի ձևավորումը, համապատասխան վերահսկողության մեխանիզմների ստեղծումը և փաստացի գործարկումը:

«Բարեվարքության համակարգի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում հայտարարագրման համակարգը: Կոռուպցիայի կանխարգելման գործում չափազանց կարևորվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքի անդամների գործունեության և ունեցվածքի նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման համար համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը։ Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում է կատարելու համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը:

Հայտարարատուների շրջանակի և նրանց ընտանիքի կազմի անդամների շրջանակի ընդլայնումը պայմանավորված է հետագայում համընդհանուր հայտարարագրման անցնելու հրամայականով: Հայտարարագրի բովանդակության վերանայման շրջանակներում իջեցվելու է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի, այն է՝ 8 մլն. ՀՀ դրամ, արժեքային շեմը, սահմանվել է փաստացի օգտագործվող գույքի հայտարարագրման պահանջ, հստակեցվելու են փոխառությունների և եկամուտների տեսակները, ներդրվելու է ծախսերի հայտարարագրման համակարգ:

Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ներդնել իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը:

Պաշտոնատար անձանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար առաջարկվում է ներդնել այնպիսի նոր համակարգ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք համապատասխան լիազոր մարմնին նոտարական կարգով կլիազորեն աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին»,-ասված է ռազմավարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել