Նիկոլ Փաշինյանը՝ նախագահի հրաժարականի, նրա այլ երկրի քաղաքացի լինելու և նոր նախագահ ընտրելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 24-ին, իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։ Նրա խոսքով՝ հրաժարականի մասին նա տեղեկացել է հայտարարության հրապարակումից մոտ 3,5 ժամ առաջ․ «Արմեն Սարգսյանը զանգահարել է ինձ և մենք խոսել ենք այդ մասին։ Ես նախագահին հարցրել եմ՝ ինքը ինձ հետ քննարկում է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ որոշում է կայացնել»։

Նշենք, որ «Հետք» լրատվականը ավելի վաղ հայտնել է, որ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։

«Այս պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ վարչապետի նշանակումը հակաօրինական են։

Սարգսյանը մեզ հայտնել է, թե համարում է, որ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի չէ այն պահից, երբ ներդրումների դիմաց քաղաքացիությունը ստանալուց հետո խնդրել է սառեցնել այն։

Նախագահ Արմեն Սարգսյանը, հավանաբար, Հայաստան չի վերադառնա, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով»,-նշվել է հոդվածում:

Փաշինյանը նշեց, որ եթե հոդվածում կա այնպիսի փաստ, որին ՀՀ պետական որևէ մարմին պետք է արձագանքի, նրանք պետք է դրանով զբաղվեն։

«Նախորդ հարցուպատասխանին ես ասել եմ, որ սահամանադրական փոփոխությունների կապակցությամբ իմ դիրքորոշումը տարբերվում է ՀՀ նախագահի դիրքորոշումից։

Բայց ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ նախագահի լիազորությունների մասով։

Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում, թե այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա է կայացնում», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել