«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին այսօր՝ հունվարի 24-ին, ժամը մոտ 17:00-ին իր տան բակից դիմակավորված անձինք բերման են ենթարկել: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Փաստաբանի խոսքով՝ դիմել է տարբեր իրավապահ մարմինների, այդ թվում նաև ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել Շիրինյանին:
Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: