Նախկինում ընդունված էր, որ ծխել առաջարկում է՝
· հասարակական ավելի ցածր դիրք ունեցողը՝ ավելի բարձր դիրք ունեցողին.
· տղամարդը՝ կնոջը.
· երիտասարդը՝ տարեցին:
Մեր ժամանակներում առանց տատանվելու ծխել կարող է առաջարկել նաև կինը՝ որևէ տղամարդու (իհարկե, կանանց ցանկալի է խուսափել տարեց տղամարդկանց ծխախոտ առաջարկելուց, որովհետև նրանք ավելի պահպանողական են և այդպիսի քայլը կարող են սխալ մեկնաբանել) կամ ղեկավարը՝ իր ենթակային:
Եթե ծխող եք և ձեզ ծխախոտ են առաջարկում, պետք է վերցնել և շնորհակալություն հայտնել: Բացառիկ դեպքերում կարելի է հրաժարվել, եթե, ասենք, առաջարկում են ուժեղ տեսակի ծխախոտ, իսկ դուք սովոր եք ավելի թույլը ծխելուն: Նման դեպքում պետք է շնորհակալություն հայտնել և բացատրել պատճառը:
Ծխախոտը կամ սիգարը միշտ հրամցնում են տուփից: Երբ տղամարդուն ծխախոտ են առաջարկում կանգնած, նա ևս պետք է կանգնի: Ծխախոտը պետք է վառել լուցկիով կամ վառիչով: Ծխախոտի կրակով ծխախոտ վառելն անքաղաքավարի է: Լուցկու հատիկներն ու ծխախոտի մնացուկները չպետք է նետել որտեղ պատահի:
Երբեք չպետք է ծխախոտը հանգցնել որևէ կենցաղային առարկային, աթոռին կամ սեղանին սեղմելով: Մոխիրը պետք է թափել միայն մոխրամանում: Մոխրամանում չպետք է թողնել ծխացող մնացուկ, բացի մոխրից չպետք է ավելորդ թղթեր կամ ուտելիքի մնացորդներ գցել:
Ծուխը փչում են այնպիսի ուղղությամբ, որ այն չանհանգստացնի ներկաներին:
Չպետք է ծխամորճը թափ տալ ուրիշների ներկայությամբ. հյուրերին ընդունել կամ նրանց հետ խոսել ծխախոտը բերանում, ծխախոտ վառել բաժակաճառի կամ ելույթի ժամանակ:
Ծխախոտը բերանին խոսելն անքաղաքավարի է: Բարևելիս միշտ պետք է ծխախոտը կամ ծխամորճը հանել բերանից:
Անքաղաքավարի է ծխախոտը վառել այն ժամանակ, երբ ձեզ հետ խոսում են: