Երևան քաղաքի դատախազությունում ուսումանսիրության են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մի շարք քրեական գործերի նյութեր: Դրա արդյունքում պարզվել են, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խւմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո, անգամ հարուցված քրեական գործերի պայմաններում, տարբեր գերեզմանատներում շարունակվում են արձանագրվել աղաղակող խախտումներ:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես, պարզվել է, որ մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմաններ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը:
Օրինակ, քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Սիլիկյան» բաց գերեզմանատան կողմից տրամադրված գերեզմանատեղերը եղել են օրենքով սահմանված չափերից ավել: Գերեզմանատան վարիչը նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը պատճառված՝ 1.530.000 ՀՀ դրամ վնասը, սակայն քրեական գործի նախաքննությանը զուգահեռ շարունակել է դրսևորել հանցավոր վարքագիծ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նույնիսկ այն գերեզմանատներում, որտեղ նախկին վարիչներն ազատվել են աշխատանքից, հետագայում նույնաբնույթ խախտումները շարունակվել են, ավելին, գերեզմանատներում գործել է հանցանքների կատարման նույն մեխանիզմը: Մասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, օրենսդրական արգելքի պայմաններում լրացրել են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նախկինում՝ նոր հատկացվող վայրում իբրև թե մահացողի հարազատի հուղարկավորված լինելու փաստը և այդ հիմքով նոր գերեզմանատեղի հատկացրել գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքնային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Դա հիմանկանում պատճառաբանվել է նրանով, որ գերեզմանատների և հարակից ամայի տարածքների միջև արգելապատնեշներ չկան, դրանք առանձնացված չեն, սահմանազատում ևս չկա, և այդ պատճառով առաջանում են թյուրիմացություններ:
Բացի այդ, պարզվել է, որ և՛ բաց, և՛ փակ գերեզմանատեղիներում առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավել տարածքներ, ինչի պատճառով գերեզմանտեղիներում տարաքծների սղություն է առաջանում, և ազատ տեղեր չլինելու պատճառով դրանք դառնում են փակ գերեզմանատեղեր:
Հուղարկավորություն իրականացրած անձիք ավել տարածքների զավթումը պատճառաբանում են բետոնապատման աշխատանքներով կամ իրենց կողմից ուղղակի, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու ավել տարածք զբաղեցնելու որոշմամբ: Այսինքն բաց և փակ գերեզմանատների վարիչները պատշաճ հսկողություն չեն իրականացրել իրենց ղեկավարած գերեզմանատներում՝ նոր գերեզմանատեղերի՝ օրենքով նախատեսված չափերով տրամադրման և այդ գերեզմանատեղերի չափերի պահպանման նկատմամբ:
Իսկ կաշառք ստանալու վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ գերեզմանատան վարիչները կամ հսկիչները գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջել գերեզմանատեղի տրամադրման համար և նշված աշխատանքների համար տարբեր անձանցից տարբեր չափի գումարներ պահանջել:
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ, որոնց մեջ ներառված են գերեզմանահորի փորումը, գերեզմանի բարեկագումը, այսինքն սալիկապատում կամ բետոնապատումը և այլն: ՀՈԱԿ-ում առկա է հստակ սահմանված գնացուցակ վերոհիշյալ ծառայությունների համար, որի վճարումները ևս քաղաքացիների կողմից պետք է իրականացվեն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով:
Այսինքն, գերեզմանի վարիչները և հսկիչները նման ծառայություններ մատուցելու իրավասություն չունեն, այն ՀՈԱԿ-ի կողմից բացված ձեռնարկատիրական կազմակերպության բացառիկ լիազորությունն է: Մինչդեռ գերեզմանատների վարիչները և հսկիչները, շրջանցելով օրինական ճանապարհը, տեղերում առաջարկում են իրենց կողմից վերհիշյալ ծառայությունների մատուցումը, դրա մեջ նաև առանձին դեպքերում ներառելով գերեզմանատեղի հատկացման համար վճար:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն օրենսդրական կարգավորումն ի զորու չէ ապահովել օրենքով սահմանված գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանումը և անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, քաղաքացիների կողմից նման հողազավթումները հայտնաբերելու և վերացնելու համար:
Ելներով ուսումանսիրությամբ պարզված վերոնշյալ իրողություններից՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը շարունակվող հանցավոր խախտումները, կոռուպցիոն տարածված սխեմաները վերացնելուն, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները չեզոքացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնոդրագրով դիմել է Երևանի քաղաքապետին:
Հաշվի առնելով խնդրի սոցիալական մեծ նշանակությունը, ինչպես նաև ավանդաբար շարունակվող արատավոր և հանցավոր դրսևորումներն արմատախիլ անելու մեխանիզմների շուրջ հանրային քննարկումների ապահովման անհրաժեշտությունը՝ առաջիկայում կներկայացվեն նաև Երևանի դատախազության կողմից միջնորդագրով Երևանի քաղաքապետարանին ներկայացված կոնկրետ առաջարկությունները: