Առաջարկվում են բժշկական օգնության եւ սպասարկման կայունությունն ապահովող նոր կարգավորումներ

Հունվարի 19-ի ԱԺ նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորումը համակարգի կարեւորագույն գործառույթներից է, որով լիազոր մարմինն ապահովում է բժշկական օգնության եւ սպասարկման կայունությունը, շարունակականությունը եւ անընդհատությունը: Նախաձեռնության համահեղինակը ներկայացրել է վիճակագրական տվյալներ. ՀՀ-ում բժիշկների թիվը համարժեք է միջազգային միջին թվաքանակին, այն է` 10 հազար բնակչին բաժին է ընկնում 35 բժիշկ: Նրա դիտարկմամբ` մարզերում եւ Երեւանում բժիշկների անհամաչափ բաշխվածության խնդիր կա: Երեւանում 2020 թ. տվյալներով 10 հազար բնակչին բաժին է ընկնում 98 բժիշկ, իսկ մարզերում բժիշկների թվի զգալի պակաս կա: Միջին բուժաշխատողների կարիք կա ամբողջ հանրապետությունում:

Առաջարկվող կարգավորմամբ եթե անձը նպատակային ծրագրերի շրջանակում ընդունվում է միջին մասնագիտական կամ բարձրագույն բժշկական հաստատություն կամ անցնում է հետդիպլոմային ուսուցում, եւ պետությունը վճարում է նրանց կրթության համար, պարտավորվում ապահովել աշխատանքով, ապա այդ անձինք օրենքի շրջանակում լիազոր մարմնի նախանշած բժշկական հաստատությունում աշխատելու պարտավորություն են ստանձնելու: Նարեկ Զեյնալյանը նշել է, որ սոցիալական երաշխիքներ են նախատեսվում այն անձանց համար, որոնք պայմանագիր կկնքեն լիազոր մարմնի նախանշած բժշկական հաստատության հետ:

Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահության բնագավառի մարդկային ներուժի ոլորտում առկա իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու, ավագ եւ միջին բուժաշխատողների պահանջարկի պլանավորման եւ պատրաստման միասնական, կանխատեսելի պետական քաղաքականություն ձեւավորելու անհրաժեշտությամբ:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հարակից զեկույցում նշել է, որ մարզերում բուժաշխատողների բավականաչափ թափուր հաստիքներ կան: Նրա խոսքով` ներկա պահին Կառավարությունն արդեն մի շարք ծրագրեր է իրականացնում: Առաջարկվող օրինագծի ընդունմամբ կընդլայնվի ծրագրերի շրջանակը, մարզային բուժօգնությունը կդառնա առավել հասանելի: Փոխնախարարի խոսքով՝ այս պահին միեւնույն ծառայությունների տրամադրման դեպքում աշխատավարձերի տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարց չի դիտարկվում, քննարկվում է սոցիալական երաշխիքների տրամադրման համակարգ ներդնելու խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել