Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նախորդ գրառումներիցս մեկի տակ խնդրել էին, որ ծնողների համար էլ հարցադրում անեմ։
Ծնողների համար վաղուց էի ուզում գրել, որպես ծնող։
Սիրելի ծնողներ, մենք հաճախ բողոքում ենք դպրոցից։ Այդ բողոքների արդարացիությունը չեմ ուզում քննարկել։
Ուզում եմ խոսել մեր՝ ծնողներիս հաճախ հանդիպող վարքի մասին։
Մեզնից շատերի առաջին հարցը դպրոցից տուն դարձող իրենց երեխային լինում է՝ ինչ ես ստացել։ Երկրորդ հարցը՝ բա էսինչը ինչ էր ստացել։ Բա ինչու էր էսինչը էսքան ստացել, իսկ դու՝ էսքան։ Ու չնկատելով՝ մեր երեխաներին դարձնում ենք գնահատականի գերի, երբ ամեն ցածր ստացած միավորից հետո սկսում են սթրես ապրել, ասես կյանքի ամենակարևոր հարցը։ Կամ, որ ոչ պակաս վատ է, երեխայի ու սովորելու մեջ սկսում ենք ձևավորել մի անհաղթահարելի հեռավորություն և օտարություն։
Մենք հաճախ մեր երեխայի սովորելու մասին խոսում ենք՝ խղճահարության դիրքից, մեղք է բառերով։ Մեղք է՝ շուտ չհանեմ, թող էսօր էլ դպրոց չգնա, ի՞նչ պիտի լինի որ, մեղք է՝ էս մի դասն էլ թող չանի, խեղճ երեխաս։
Ստացվում է, որ կրթությունն ու սովորելը մի բան է, որ խղճահարություն է առաջացնում ու որ կարելի է չանել։
Մեր ներծնողական քննարկումների առարկան ավելի հաճախ ուսուցիչների նվերներն ու դպրոցամերձ բամբասանքներն են, ոչ թե առարկաների դասավանդման որակը, մեր երեխաների կրթության խնդիրները։
Մեր ծնողական ժողովները դառնում են առանձին երեխաների վարքի ու բնավորության քննարկումներ՝ բոլորի ներկայությամբ։
Այո, մեր դպրոցը շատ խնդիրներ ունի և պետք է փոխվի։ Բայց եթե իրոք ուզում ենք այդ փոփոխությունը, ապա պետք է փոխվենք նաև մենք, սիրելի ծնողներ»։