ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
«Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր դեպի առաջ, և Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա ցանկացած կոնկրետ քայլ լավ նորություն կլիներ տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար»,- նշել է Ստանոն:
Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ նրա փոխգործակցության առումով:
«2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 մլն եվրո է հատկացրել այն նախագծերի համար, որոնք ուղղված են հող նախապատրաստելուն մի շարք ոլորտներում հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը եւ տեղեկատվության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն, հնարավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- եզրափակել է Ստանոն: