Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր Հայաստանը հիմնական դերը խաղաց բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում. Սերգեյ Շոյգուն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը:

Այս մասին հայտնում են Կրեմլի պաշտոնական կայքից:

Շոյգուն շեշտել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է խաղար հիմնական դերը բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում, և այդ ամենն արվել է: Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում, հսկողության տակ վերցրել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ:

«Դրանք կապի, էներգետիկայի, պետության կենսագործունեության ու գործունակության ապահովման համար պատասխանատու օբյեկտներ են: Այդ թվում, Ղազախստանի ղեկավարության խնդրանքով ու Ձեր հանձնարարականով հսկողության տակ են վերցվել մի շարք օբյեկտներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ահաբեկիչների վերահսկողության տակ անցնելու դեպքում»,- նշել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ այս պահին կառավարումը կայուն է, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն աշխատում են լիարժեք փոխգործակցության պայմաններում:

«Հաստատել ենք զորքի փուլային դուրսբերման ու օբյեկտները Ղազախստանի հսկողությանը հանձնելու որոշումը: Դուրսբերումը սկսվում է այսօր: Վաղը 14 ինքնաթիռներով դուրս ենք հանում մեր գործընկերների՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի խաղաղապահ ուժերը: Պլանավորվում է ամբողջ աշխատանքն ավարտել հունվարի 19-ին»,- հավելել է նա:

Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը շատ կարևոր դեր են խաղացել Ղազախստանում իրավիճակի կայունացման հարցում:

«Շատ կարևոր է, որ իրավիճակը կարգավորվեց ՀԱՊԿ օգնությամբ: Սա, ըստ էության, ՀԱՊԿ ուժերի առաջին նման օպերացիան էր: Միացյալ ջանքերով մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք: Կարողացանք արագ կենտրոնացնել բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները, ռեսուրսները: Ամեն ինչ աշխատեց ժամացույցի նման. արագ, կազմակերպված ու արդյունավետ»,- հավելել է ՌԴ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել