Դատական իշխանության անկախությունը առավել քան երբևէ վտանգված է. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Հայաստանի Հանրապետության դատական իշխանության անկախությունը առավել քան երբևէ վտանգված է, որի հետևանքով էլ համակարգի անաչառությունը կասկածի տակ է դրված։

Մասնավորապես՝ կալանքը այսօր ընկալվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժատեսակ, և կալանքին պատժիչ տարրեր հաղորդելու արդյունքում ունենք քաղաքական հետապնդումներ և քաղաքական վրեժխնդրություն։ Բացի այս, 2021 թվականի հուլիսից ԱԱԾ-ն առգրավել է «Դատական համակարգ»համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները, ինչի արդյունքում դատական գործերը մակագրվում են ոչ թե համակարգչային ծրագրով, որը զսպում էր կոռուպցիոն և այլ՝ սուբյեկտիվ տարրով պայմանավորված ռիսկեր, այլ «ձեռքով», որտեղ կարգը շրջանցելը շատ մատչելի է, ընդ որում՝ ոչ միայն դատարանների նախագահների կողմից է մակագրումը իրականացվում, այլ նաև աշխատակազմերի ղեկավարների, ինչը օրենքի կոպիտ խախտում է և արդար դատաքննության իրավունքի խափանում։

Այս կարևոր հարցերի բարձրաձայնման, հանգամանալից ուսումնասիրման և լուծման տարբերակներ գտնելու համար այսօր ԱԺ-ում հրավիրել էի աշխատանքային քննարկում, որին հրավիրված էին ինչպես մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ, այնպես էլ գործող դատավորներ, որոնք իրենց մաշկի վրա զգում են, թե ինչպես է օրեցօր ոտնահարվում և ոտնակոխ արվում Հայաստանի դատական անկախությունը, որը հնարավոր էր պատկերացնել հայաստանյան իրականության պայմաններում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել