Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է, որ 2020 թվականին պետք է քայլեր ձեռնարկվեին դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման համար։
Իրավաբան․net-ը թեմայի վերաբերյալ խոսել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հետ:
–Պարոն Դանիելյան, արդեն 2022 թվականն է, Դուք որևէ փոփոխություն զգացե՞լ եք ոլորտում։ Ի՞նչպես կգնահատեք կատարված կամ կատարվող աշխատանքը։
-Նախ, այդ ծրագիրն ինքնին խիստ թերի էր և խոցելի, դրանում այդպես էլ չարտացոլվեցին համակարգային առանցքային հարցադրումները: Ինքս ծավալուն զեկույց եմ ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդում, որին մասնակցում էին նաև ծրագրի նախագծի առանձին ներկայացուցիչներ, սակայն հնչած առաջարկությունները հետևողականորեն անտեսվեցին Կառավարությունում: Ի դեպ, իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդում պարբերաբար քննարկվում են երկրի համար բախտորոշ իրավական առանցքային հիմնախնդիրները, որոնց արդյունքներին ականջալուր լինելը միայն կնպաստեր իրավական ողջ համակարգի և արդյունքում՝ հանրային իշխանության հեղինակության իրական բարելավմանը, բայց…
Այսպես, օրինակ՝ առաջարկել էինք նախկինում պաշտոնավարած դատավորների ու իրավապահ մարմիններում աշխատած անձանց նկատմամբ համատարած անվստահության պարագայում առաջնահերթ համարել առնվազն լյուստրացիա նախաձեռնելը, ընդգծել էինք ծրագրի բացահայտ քաղաքականացված բնույթը, այդ թվում՝ մերկապարանոց գնահատականների կտրվածքով, ակնկալել էինք, որ ծրագրից հանվեն խիստ վերացական ու անորոշ, իսկ առանձին դեպքերում անհարկի իրարամերժ դրույթները, խիստ կարևոր էինք համարել իրավական ակտերի նախագծերի մշակման համար անկախ փորձագիտական կառույցների ստեղծումը, անցումային արդարադատության փուլում հակասահմանադրական ինստիտուտներից ձերբազատվելը և այլն: Վերջապես՝ բացակայում էր որևէ անդրադարձ հանցավորության աններելի աճի ու միաժամանակ բացահայտման տխուր վիճակին, ինչի առնչությամբ ևս ներկայացրել էինք կոնկրետ եզրահանգումներ: Տրամաբանական կլիներ, եթե այդ և մյուս առաջարկությունները կոնկրետ հիմնավորումներով մերժվեին, բայց արհամարհելը առնվազն ոչ իրավաչափ, պատշաճ վարքագիծ չէ:
Ձևական հանրային քննարկումները, ցավոք, ավանդույթի վերածվելու միտում ունեն: Ինչ խոսք, այսպիսի մթնոլորտում մի առանձնակի ձգտում ու տրամադրություն էլ չի մնում արձագանքելու ինչպես նախագծերին, այնպես էլ արդեն իսկ ընդունված օրենքների կիրառման ընթացքին, սակայն փորձում ենք այդ հարցադրումները իսպառ չվանել մեր տեսադաշտից, իսկ հանրային իշխանությունները վերջապես պետք է իրենց մեջ ուժ գտնեն և գոնե մասնակի հրաժարվեն մեկուսի ու կամայական գործելաոճից:
Ինչևէ, այս փուլում դուք ինձ հարցնում եք մի փաստաթղթի իրացման մասին, որի առնչությամբ ի սկզբանե լրջագույն վերապահումներ ենք ունեցել: Հավելեմ հետևյալը՝ այդ փաստաթղթի դրույթները անգամ իրենց խոցելի նախնական տեսքով կյանքի չեն կոչվում, քանզի առավելությունը տրվում է զուտ իրավիճակային և, իմ համոզմամբ՝ սահմանադրականության հետ ակնհայտ աղերսներ ունեցող լուծումներին, այսինքն՝ առավելապես այնպիսի օրինագծեր են հապճեպ դրվում շրջանառության մեջ, որոնք անթաքույց միտված են սոսկ դատական իշխանության համակարգը հնարավորինս վերահսկելի ու կառավարելի դարձնելուն: Ի հեճուկս Սահմանադրության 81-րդ հոդվածի, անտեսվում են անգամ միջազգային իրավասու կառույցների պրատիկան, մասնավորապես այլ կերպ հնարավոր չէ գնահատել մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող, իսկ դե ֆակտո հատուկ խափանման միջոց կիրառելու համար, այսպես կոչված՝ մասնագիտացված դատավորներ ստեղծելու նախաձեռնությունը:
–Նախատեսված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի բարելավում, թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում։ Ձեր գնահատմամբ, այս գործողությունն իրականացվե՞լ է, եթե այո՝ որքանո՞վ։
-Արդեն անդրադարձա առանձին դրույթների վերացական ու որոշակիությունից զուրկ լինելուն: Դուք չափազանց կարևոր, առանցքային հարցադրում եք անում, սակայն դրա դույզն ինչ համարժեք լուծման համար առնվազն անհրաժեշտ էր արմատապես վերանայել որոշումների կայացման ողջ կառուցակարգը և գաղափարախոսությունը: Վերջապես, հարկ է ելակետ ընդունել, որ այդ սահմանադրական մարմինը ներկայացնող պաշտոնյան չպետք է իբր պաշտպանված լինի հնարավոր ճնշումներից, և գաղտնի քվեարկելու հնարավորությունը որպես երաշխիք դիտարկել: Պատասխանատու դիրք ունեցող պաշտոնյան, այո՝ պարտավոր է ոչ միայն թափանցիկ քվեարկել, այլև հրապարակայնորեն բացահայտել իր դիրքորոշման հիմնավորվածությունը: Իսկ կոլեգիալ մարմնի պարագայում հիմնավորվածությունը կարող է իրատեսական լինել միայն այն դեպքում, երբ նախապես քվեարկության են դրվում հիմնավորվածության հնարավոր տարբերակները: Նկատենք, որ սա անհրաժեշտ է, որպեսզի այս մարմնի որոշումների վիճարկումը լինի հնարավորինս իրատեսական, ոչ թե սահմանափակվի զուտ ընթացակարգային ասպեկտներով և այլն:
Մինչդեռ՝ ներկայումս մենք ականատես ենք լինում բոլորովին այլ, միաժամանակ հակասական զարգացումների՝ մի դեպքում վերջինիս իրավասությանը վերապահված հարցերի կարգավորումն անարգել իրականացվում է Ազգային ժողովի կողմից՝ օրենքներով, մյուս կողմից՝ նախաձեռնվում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի և ընդհանրապես արդարադատության իրականացմանը միջամտելու լրացուցիչ լծակներ: Կարծում եմ, հարկ է ելակետ ընդունել այն, որ միևնույն կառույցին անթույլատրելի է միաժամանակ վերապահել և վարույթ հարուցելու՝ անկախ նրանից, թե այն ինչ անվանումով են հրամցնում, և քննություն իրականացնելու իրավասություն: Հուսանք, որ այս միտումները շարունակականություն չեն ունենա:
–Ռազմավարությամբ առանձնացված գործողություններից էր նաև դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը և կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգ ունենալը։ Ինչպես կգնահատեք այս կետը․ դատական իշխանությունն անկախ ու անաչա՞ռ է։
-Կարծում եմ, առանձին դատավորներ նախապատվությունը տալիս են իրենց սահմանադրական կոչումին հարազատ մնալուն և արժանապատիվ կեցվածք դրսևորելուն՝ մեր խորին շնորհակալությունը նրանց, սակայն տեսանելի հիմքեր չկան անգամ ակնարկելու անկախ ու անաչառ դատական իշխանության մասին: Այս հարցի պատասխանն ավարտեմ միայն այն դիտարկմամբ, որ որևէ պաշտոնյա իրավասու չէ իր սեփական պատկերացումները, այդ թվում՝ իբր դատավորների նկատմամբ վստահության աստիճանի վերաբերյալ իր տեսակետը բարձրաձայնել և միամտորեն կարծել, թե դրանով ինքը չի խաթարում դատական իշխանության անկախությունը: Դատական իշխանության համակարգում վստահության բաղադրիչները պարզելու իրավասությունը բացառապես կարող է իրացվել միջազգային իրավական չափանիշներով ձևավորված անկախ փորձագետների կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, իսկ պաշտոնյաների հրապարակախոսական դատողությունները ոչ իրավաչափ վարքագծի դասական օրինակներ են:
–Արդյո՞ք ՀՀ–ն այժմ ունի կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգ։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ աշխատանքներ են տարվում կամ պետք է տարվեն այս ուղղությամբ։
-Քանի որ վերջին տարիներին այդպես էլ իրավասու անկախ փորձագիտական որևէ կառույցի կողմից պատշաճ և համալիր ուսումնասիրություններ չեն կատարվել, զերծ կմնայի անգամ տեսակետ հայտնելուց, այն կլինի աններելի սուբյեկտիվ: Տեղյակ եմ, որ մշտադիտարկման աշխատանքներ են ընթանում՝ սպասենք արդյունքներին: Իսկ քաղաքական իշխանության ներկայացուցիչների գնահատականները, ինչպես նկատեցի, ոչ միայն լրջագույն աղերսներ ունեն տարրական օրինականության հետ, այլև դույզն ինչ հավատ չեն ներշնչում: Ինքներս ենք ականատես լինում, թե ինչպես են տարբեր հարթակներում, այդ թվում՝ խորհրդարանում դատավորներին մեղադրում իբր քաղաքական զսպվածությունը և չեզոքությունը խախտելու մեջ, մինչդեռ՝ նույն իշխանությունները բնավ չեն էլ մտահոգվել, որ որևէ իրավական ակտով այդպես էլ չի տրվել «քաղաքական գործունեության» գոնե մոտավոր բնորոշումը՝ թողնելով այն գնահատողների ճաշակին:
Իսկ դատական համակարգը առողջացնելու իրական գործիքներ կան, դրանք խիստ անհրաժեշտ են, որպեսզի վերջապես կանխարգելվի անհնազանդ դատավորներին հետապնդումների ենթարկելու առնվազն տհաճ երևույթը, դատավորները և դատախազները որևէ առնչություն չունենան փաստաբանական գործունեություն իրականացնող գրասենյակների հետ, բացառվի անհասկանալի տարբերակված մոտեցումը դատավորների նկատմամբ և այլն:
Հանրային իշխանությունների մոտ մշտապես եղել են դատական իշխանությունը վերահսկելի դարձնելու ձգտումները, ուղղակի անհրաժեշտ են կազմակերպաիրավական իրական գործիքներ, որոնց միջոցով հնարավոր լինի զսպել այդ ախորժակը, ինչը ոչ միայն տեսանելի չէ, այլև նորանոր երանգներ է ընդունում: