ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքը երրորդ անգամ 2 ամսով երկարեցվեց։ Այս մասին լուրը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ որոշումը կայացվել է հունվարի 4-ին։
Հիշեցնենք, որ ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն: