Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 4-ին հրաման է ստորագրել, որի համաձայն հաստատվել է հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման և պատճառահետևանքային կապի գնահատման կլինիկական ուղեցույցը։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ հրամանի համաձայն՝ հետպատվաստումային անբարեհաջող դեպքը (ՀԱԴ) ցանկացած բժշկական անբարեհաջող երևույթ է կամ իրադարձություն, որն ի հայտ է եկել պատվաստումից հետո, սակայն պարտադիր չէ, որ ունենա պատճառահետևանքային կապ պատվաստման հետ:
ՀԱԴ-ը կարող է լինել ցանկացած անբարեհաջող կամ անսպասելի իրադարձություն, լաբորատոր ցուցանիշների շեղում, ախտանիշ կամ հիվանդություն:
ՀԱԴ-երն ըստ առաջացման պատճառի դասակարգվում են՝
1) Ռեակցիա՝ կապված պատվաստանյութի հետ, այն յուրահատուկ ռեակցիա է պատվաստանյութի նկատմամբ, առաջանում է պատվաստանյութերի ոչ պատշաճ արտադրության, առաքման և ներմուծման դեպքում: Այն առաջանում է պատվաստանյութին բնորոշ մեկ կամ մի քանի հատկանիշների հետևանքով:
Հաճախ, պատվաստանյութի նկատմամբ ռեակցիայի հատուկ մեխանիզմն անհայտ է: Պատվաստանյութի հետ կապված ռեակցիաների առաջացման հավանականությունն ավելի բարձր է ռիսկի խմբում գտնվող անձանց մոտ, իսկ պատվաստվածների մեծ մասի մոտ այդ ռեակցիաները չեն առաջանում:
2) Ռեակցիա՝ կապված պատվաստանյութի որակի թերության հետ։ Պատվաստանյութի որակական թերությունը կարող է լինել արտադրության
ընթացքում: Նման թերությունը կարող է ազդել օրգանիզմի անհատական պատասխանի վրա և մեծացնել պատվաստանյութի նկատմամբ անբարեհաջող ռեակցիաների ռիսկը:
3) Ռեակցիա՝ կապված պատվաստումային գործընթացի սխալի հետ, կարող է առաջանալ պատվաստանյութի սխալ վարման, պահպանման, կիրառման հետևանքով: Ռեակցիաները՝ կապված իմունականխարգելման գործընթացի սխալների հետ, կանխվող են: Սխալների ժամանակին հայտնաբերումը և վերացումը շատ կարևոր են:
Ռեակցիաները կապված իմունականխարգելման գործընթացի սխալների հետ, երբեմն կարող են հանգեցնել խմբային դեպքերի առաջացմանը: Դրանք սովորաբար կապված են պատվաստանյութերի մեկ կամ բազմադեղաչափանոց սրվակների կիրառման հետ, որոնք կամ աղտոտված են կամ ոչ պատշաճ պահպանված: Օրինակ՝ պատվաստանյութերի տեղափոխման ընթացքում պատվաստանյութի սառեցումը կարող է մեծացնել տեղային ռեակցիաների քանակը:
Պատվաստման ընթացքում ոչ ստերիլ ներարկումը, պատվաստանյութի ոչ պատշաճ վերականգնումը, ներարկիչների աղտոտումը կարող է հանգեցնել տեղային ռեակցիայի, աբսցեսի կամ ծանր համակարգային ռեակցիայի՝ սեպսիսի, տոքսիկ շոկի համախտանիշի զարգացման: Ինքնարգելափակվող ներարկիչների օգտագործման արդյունքում, նման ռեակցիաների հաճախականությունը զգալիորեն նվազում է: Սակայն, վարակը կարող է առաջանալ զանգվածային պատվաստումների կամ բնական աղետների դեպքում, հատկապես օգտագործվող օժանդակ միջոցների մատակարարումների պակասի կամ լոգիստիկայի հետ կապված: Իմունականխարգելման ծրագրերի ղեկավարների բարձր պատրաստվածության և աշխատանքային գործընթացի պատշաճ պլանավորման շնորհիվ հնարավոր է խուսափել դրանից: Հակացուցումների անտեսումը կարող է հանգեցնել պատվաստանյութերի նկատմամբ լուրջ ռեակցիաների:
4) Ռեակցիա՝ կապված պատվաստման վախի հետ: Այն պայմանավորված է վախով պատվաստումային գործընթացի հանդեպ: Գիտակցության կորուստը (վազովագալ ռեակցիա՝ սինկոպե կամ ուշագնացություն) բավականին տարածված է, հատկապես երեխաների և դեռահասների շրջանում, ներարկման վախի հետ կապված: Ուշագնացությունը բուժում չի պահանջում, բացի հիվանդին պառկած դիրք տալուց: Որոշ անձանց մոտ ուշագնացությունը կարող է ուղեկցվել հիպոքսիկ ցնցումներով: Դրանք կարճաժամկետ գեներալիզացված տոնիկ-կլոնիկ ցնցումներ են:
Ցնցումներն արագ ավարտվում են, սակայն եթե դրանք շարունակվում են, կարող է պահանջվել լրացուցիչ ուսումնասիրություն: Դեռահասներին պատվաստելիս պետք է հաշվի առնել, որ ուշագնացության հավանականությունն ավելի է մեծանում:
Պատվաստման վախի պատճառով հիպերվինտիլացիան բերում է հատուկ ախտանիշների, ինչպիսիք են թուլությունը, գլխապտույտը, բերանի և ձեռքերի շրջանում դողը:
5) Ժամանակային առումով համընկնում պատվաստման հետ. ՀԱԴ, որն առաջացել է այլ պատճառներից (ոչ պատվաստանյութով, ոչ պատվաստման սխալով կամ ոչ պատվաստման վախով), հիվանդություն կամ ախտանիշ, որը պարզապես ժամանակային առումով համընկել է պատվաստման հետ: Պատահական ժամանակային համընկնումը (այսինքն՝ պատվաստումներից հետո տեղի ունեցող իրադարձությունը) հաճախ սխալմամբ համարվում է պատվաստման հետևանք: Նման զուգադիպություններն անխուսափելի են՝ հաշվի առնելով պատվաստանյութերի մեծ քանակով դեղաչափերի կիրառումը, հատկապես, զանգվածային պատվաստումներ իրականացնելու ժամանակ:
Պատվաստումների ավելի մեծ բաժինը կատարվում են կյանքի առաջին տարում, իսկ տարածված վարակները և այլ հիվանդություններ, ներառյալ որոշ ֆոնային բնածին կամ նյարդաբանական վիճակները, համընկնում են ստացած պատվաստումների հետ:
Հետևաբար, կարող են տեղի ունենալ տարբեր իրադարձություններ, ներառյալ մահերը, որոնք պատահական համընկնման պատճառով սխալմամբ կարող են վերագրվել պատվաստումներին: Մանկական հանկարծամահության համախտանիշի հաճախությունն համընկնում է վաղ մանկական շրջանում կատարվող պատվաստումների հետ: Այնուամենայնիվ, պատշաճ կերպով մշակված մի շարք ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ ՀԱԴ-երի դեպքերի և պատվաստումների համընկնումը ժամանակային պատահականություն է, քան պատճառահետևանքային կապ:
Պատվաստանյութի նկատմամբ ռեակցիաներն առանձնացվում են՝
1) ըստ պատճառի,
2) ըստ ծանրության,
3) ըստ հաճախականության։
Պատվաստանյութերի ռեակցիաներ` ըստ պատճառի.
1) ռեակցիա՝ կապված պատվաստանյութի հետ,
2) ռեակցիա՝ կապված պատվաստանյութի որակի թերության հետ,
3) ռեակցիա՝ կապված պատվաստման սխալի հետ,
4) ռեակցիա՝ կապված պատվաստման վախի հետ։
Պատվաստանյութերի ռեակցիաներ՝ ըստ հաճախության.
1) տարածված, հաճախ հանդիպող թեթև ռեակցիաներ,
2) հազվադեպ հանդիպող լուրջ ռեակցիաներ:
Տարածված, հաճախ հանդիպող ռեակցիաներ՝
1) Իմունային պատասխանով պայմանավորված, կարող են առաջանալ տեղային ռեակցիաներ, և համակարգային ախտանիշներ: Ռեակցիաները կարող են առաջանալ պատվաստանյութի որոշ բաղադրիչներից (օրինակ՝ օժանդակ միջոցներ, կայունացուցիչներ կամ կոնսերվանտներ): Արդյունավետ և անվտանգ պատվաստանյութերը նպաստում են լավագույն իմունիտետի ձևավորմանը և նվազագույնի են հասցնում ռեակցիաների քանակը:
2) Համակարգային ռեակցիաների հաճախականությունը նույնպես կախված է պատվաստանյութի տեսակից: Ջերմության բարձրացումը (>10%) հանդիսանում է սովորական տարածված ռեակցիա, որը գրանցվել է հակածինների մեծ մասի կիրառումից հետո: Այլ տարածված համակարգային ռեակցիաները (օրինակ՝ դյուրագրգռություն, ընդհանուր թուլություն, ախորժակի կորուստ) կարող են առաջանալ նաև մեծ քանակությամբ հակածինների օգտագործումից հետո, օրինակ՝ բջջային կապույտ հազի բաղադրիչ պարունակող ԱԿԴՓ համակցված պատվաստանյութերի օգտագործումից հետո այդպիսի ռեակցիաներն ավելի շատ են, քան ոչ բջջային կապույտ հազի բաղադրիչ պարունակող ԱԿԴՓ համակցված պատվաստանյութերի օգտագործումից հետո: Կենդանի ատենուացված պատվաստանյութերն, օրինակ՝ կարմրուկի բաղադրիչ պարունակող պատվաստանյութերը կարող են առաջացնել ջերմության բարձրացում, ցան, կոնյուկտիվիտ, սակայն այդ ռեակցիաներն աննշան են կարմրուկի հիվանդության համեմատ:
Իրադարձությունները, որոնք չեն հանդիսանում «լուրջ» և չեն ենթադրում պացիենտի առողջության համար հավանական ռիսկ, նույնպես պետք է հետազոտվեն, այդ թվում՝
1) «Ոչ լուրջ ՀԱԴ-երը» պետք է մանրակրկիտ դիտարկվեն, քանի որ դրանք կարող են պատվաստանյութերի կամ պատվաստման հետ կապված ավելի լուրջ խնդրի ազդանշան լինել, կամ ազդել իմունականխարգելման ընդհանուր գործընթացի վրա,
2) «Ծանր» ՀԱԴ տերմինը օգտագործվում է վիճակի ինտենսիվությունը նկարագրելու համար (օրինակ՝ թեթև, միջին և ծանր),
Հազվադեպ հանդիպող լուրջ ՀԱԴ-երը (ներկայացված են Ձև 1-ում)՝ կարող են կյանքին սպառնացող վիճակի, մահվան պատճառ դառնալ, պահանջել հիվանդի հոսպիտալացում, հատկապես, եթե ժամանակին չեն արձանագրվում և վարվում, օրինակ, անաֆիլաքսիան: Պատվաստանյութի նկատմամբ անաֆիլաքսիան խիստ հազվադեպ է հանդիպում: Անաֆիլաքսիան միշտ համարվում է կյանքի համար վտանգավոր երևույթ: Չնայած անաֆիլաքսիայի մահացու վտանգին, այն բուժելի է:
Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում բոլոր ԲԿ-ներին միշտ պատրաստ լինել անաֆիլաքսիայի դեպքում անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար:
Իմունականխարգելման գործընթաց իրականացնող բոլոր ԲԿ-ների բուժաշխատողները պետք է վերապատրաստվեն՝ պատվաստումից հետո անաֆիլաքսիայի առաջացման դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար, համաձայն՝ Ձև 5,6-ի։
Պատվաստանյութի նկատմամբ հազվադեպ և լուրջ ռեակցիաներ են՝ ցնցումներ, թրոմբոցիտոպենիա, հիպոտոնիկ-հիպոռեակտիվ դրվագները, հարատև ճիչը չեն հանգեցնում երկարատև առողջական խնդիրների:կան օգնություն, անհրաժեշտության դեպքում` ապահովվում է հոսպիտալացումը: