Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցում աշխատող ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին հիշեցնում է․
«2022 թվականի հունվարի մեկից նրանք նույնպես կարող են օգտվել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգից և ստանալ ծախսերի փոխհատուցում։
Տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում որոշ բարելավող փոփոխություններ են իրականացվել այս հոկտեմբերին՝ հանրային տրանսպորտի բացակայության դեպքում փոխհատուցման չափի ընտրության մասով, ինչպես նաև նախատեսվել են կարգավորումներ դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերի փոխհատուցման մասով»։
Իրավաբան.net-ը հայտնում է, որ կարգի 2-րդ կետի համաձայն, փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հաստատությունների.
1) այն ուսուցիչներին (նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներին (զինղեկներին), իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին), որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից) հաստատության ուսուցիչ 0.5 և ավելի հաստիքային դրույքով,
2) դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաև լեզվային առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը) բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում:
2.1. Այն հաստատությունները, որոնք աշակերտների և (կամ) մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանում սույն կարգի 1-ին կետում նշված միջոցառման շահառու:
3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։
4. Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).
1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,
3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,
4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների թիվը 4 և դրանից պակաս լինելու դեպքում՝ 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ հավասար չափերով բաշխված այդ ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների միջև։
4.1. Սույն կարգի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է ուսուցիչների և աշակերտների համար նախընտրելի տարբերակը:
5. Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝
1) 1-ին և 2-րդ դասարանների աշակերտների դեպքում՝ տարեկան 160-ը,
2) հնգօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 170-ը,
3) վեցօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 204-ը։
6. Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ըստ պատկանելիության կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն՝ Ձև 1-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը՝ տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն՝ նույն ձևաչափով:
Առավել մանրամասն՝ այստեղ։