Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց տնօրեն Լիլիա Հարությունյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2008 թվականի նոյեմբերի 1-ին դպրոցի վարորդի որդուն ձևականորեն հրամանագրել և նույն դպրոցում ընդունել է աշխատանքի որպես պահակ:
Այնուհետև, Լիլիա Հարությունյանը, հաստատապես տեղյակ լինելով վերջինիս փաստացի աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, մեկ միասնական դիտավորությամբ, շահադիտական նպատակով, նրա անվամբ ելքագրվող աշխատավարձի գումարները յուրացրել և վատնել է։
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նրան օժանդակել են նույն դպրոցում տարբեր ժամանակահատվածներում տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենի հաստիքը զբաղեցրած Արմեն Միկոյանի և Աշոտ Պետրոսյանի, ինչպես նաև հաշվապահի հաստիքը զբաղեցրած Ելենա Կիրակոսյանի և Մարգարիտա Բուլղադարյանը։
Յուրաքանչյուր ամիս տնօրենը կազմել, իր ստորագրությամբ և իր մոտ գտնվող դպրոցի կլոր կնիքով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ համարվող աշխատավարձի հաշվարկման և վճարման համար հիմք հանդիսացող աշխատանքի հաճախելիության վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկագրերը և աշխատավարձերի վճարման ցուցակները։
Նա դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելով վարորդի որդու կողմից իբր աշխատանքի պատշաճ հաճախելու և իր աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերն օգտագործելու նպատակով հանձնել է իրավասու մարմնին՝ վճարման, որի արդյունքում 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբեր ամիսը, ինչպես նաև 2011 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում վարորդը որդու փոխարեն ստացել է վերջինիս անվամբ ելքագրված աշխատավարձի գումարները և դրանք հավասարաչափ բաշխել իր և Լիլիա Հարությունյանի միջև:
Լիլիա Հարությունյանին, Մարգարիտա Բուլղադարյանին, տնտեսական գծով տեղակալ Արմեն Միկոյանին և տնտեսական գծով տեղակալ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել։
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։
Դատական նիստ դեռ չի կայացել։