ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Հուշակերտ գյուղի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի բոլոր հանգամանքները:
Այս մասին հայտնում են քննչական կոմիետից:
Ըստ նախապես ստացված տեղեկությունների 2021թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19:40-ին, «Որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» նախնական ախտորոշմամբ Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Հուշակերտ գյուղի բնակիչ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախնական տվյալներով՝ Հուշակերտ գյուղի բնակիչը վերոհիշյալ մարմնական վնասվածքն ստացել է իր մոտ գտնվող թմբուկավոր ատրճանակից անզգուշությամբ կրակոց արձակելու արդյունքում:
Նախաքննության ընթացքում, հայտնաբերվել և առգրավվել է նշված թմբուկավոր ատրճանակը, ինչպես նաև՝ տուժողի և միջադեպին ականատես, նույն վայրում նրա հետ միասին աշխատող տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ` օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: