ԲՀԿ-ն միանում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների նախաձեռնությանն են միացել նաեւ ԲՀԿ ավագանու անդամները։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։

Երբ վերջինիս հարցրինք նախաձեռնությանը միանալու պատճառների մասին, նա հիշեց շեյխերի հետ կապված պատմությունը։ Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է:

Մանրիկյանը նշում է, որ Ծառուկյանը դիմել էր քաղաքապետարան՝ հող հատկացնելու հարցով, որտեղ պետք է շենք կառուցվեր․ «Սկզբում ասել էին՝ այդ հողը չկա, հետո պարզվեց, որ այս հողը աճուրդով վաճառվել է»։

Ավագանու անդամի խոսքով՝ դեռ 2019-ին էր իրենց խմբակցությունում քաղաքային իշխանության հրաժարականի պահանջ ձևավորվել․ «Այն ժամանակ չենք կարողացել գործընթաց սկսել, որովհետև չեն կարողացել 1/3 ձայները ապահովենք»։

Հարցի վերաբերյալ նիստ կգումարվի հաջորդ շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել