Վանաձորի նորընտիր ավագանին շուտով պետք է քաղաքապետ ընտրի. կոալիցիա կկազմվի՞

Հայաստանի երրորդ քաղաքում կայացած ընտրությունների արդյունքում 10 քաղաքական ուժերից 5-ն են հաղթահարել անցողիկ շեմը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ձայների 38,70 տոկոսով, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 25.06 տոկոսով, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ 14,53 տոկոսով, «Հայրենիք» կուսակցությունը՝ 4,48 տոկոսով, և «Ապրելու երկիրը»՝ 4,29 տոկոսով։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արտավազդ Ալավերդյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկում այս պահին չկա։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Ալավերդյանը բացառում է իր համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և հնարավոր է այդ պատճառով հրաժարվի իր մանդատից, վերջինս ասաց, որ դրա մասին նույնիսկ չի ուզում խոսել, որովհետև նման բան որևէ մեկին չի էլ ասել:

Խոսելով մամուլում շրջանառվող մեկ այլ լուրի մասին, որ Արկադի Փելեշյանը և Արամ Խաչատրյանը շրջում, համոզում ու երդումների դիմաց քվեարկելու խոստում են ցանկանում կորզել տարբեր Վանաձորի նորընտիր ավագանու անդամներից, Ալավերդյանն ասաց, որ նման տեղեկություններ չունի և մամուլից է իմացել:

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին խոսելով ասաց, որ դեռ վերջնական որոշում չունեն և իրենց նպատակը անձերի շուրջ համախմբվելը չէ:

«Տարբեր ուժերի հետ որոշ քննարկումներ կան, բայց դեռ հստակ չի, թե որ ուժերի հետ կհամագործակցենք: Կարծում եմ՝ առաջիկա օրերին ավելի պարզ կլինի»,- ասաց Առաքելյանը:

Վերադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հնարավոր համագործակցության մասին քննարկումներին Առաքելյանն ասաց, որ «ՔՊ»-ի հետ համագործակցությունը իրենց կուսակցությունը  բացառում է և այն ընդունելի է ավագանու բոլոր անդամների համար:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Արկադի Փելեշյանը և Արամ Խաչատրյանը շրջում, համոզում ու երդումների դիմաց քվեարկելու խոստում են ցանկանում կորզել տարբեր Վանաձորի նորընտիր ավագանու անդամներից, Առաքելյանն ասաց, որ չգիտի թե նշված անձինք ինչով են զբաղվում:

Հիշեցնենք, որ Վանաձորի նորընտիր ավագանին շուտով պետք է քաղաքապետ ընտրի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել