ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ էր գումարել՝ կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ անցյալ շաբաթ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել։
«Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի՝ տվյալ իրավասությունը անցնում է ամենամեծ գործակիցը ունեցող քաղաքական ուժին, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
Իշխող խմբակցությունը իրավասու է արդեն ինքը թեկնածու առաջադրել։ «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու չի առաջադրել, դա խոսում է այն մասին, որ մեր խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել։ Ակնկալում ենք, որ այս մեկ շաբաթվա ընթացքում «Հայաստան» խմբակցությունը կփորձի կոնսենսուսի հասնել իշխող խմբակցության հետ և կներկայացնեն մեզ հնարավոր տարբերակներ։ Հակառակ դեպքում՝ կանոնակարգ օրենքը տալիս է հստակ իրավական լուծումներ և այդ դեպքում իշխող խմբակցությունը ինքն է որոշելու հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուն ով կարող է լինել»,-նշեց Քոչարյանը։
Ընդդիմադիր խմբակցությունները հնգօրյա ժամկետում պետք է այլ թեկնածու առաջադրեն։ Նշենք, որ նրանցից ոչ ոք նիստին ներկա չէր։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանական մեծամասնությունը նրան ընտրել չի ցանկանում։