ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման/փողերի լվացում/ կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են ՀՀ ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Վարդան Մինասյանը, 2015-2016թթ-ին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իր ղեկավարած վարչության ենթակա ստորաբաժանման պետի և մյուս աշխատակիցների օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը, ինչպես նաև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` 875.203.992 ՀՀ դրամը:
Մասնավորապես, տարբեր տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա Արմավիրի պահպանության բաժանմունքի ծառայողները համապատասխան գումարների դիմաց իրականացրել են առանձին օբյեկտների պահպանությունը: Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խոսրով Անդրոյանը, չունենալով հիշյալ տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, Վարդան Մինասյանի կազմակերպմամբ և թողտվությամբ, նրանց հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն օբյեկտների պահպանության դիմաց ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն դրանք նույն բաժանմունքի ջոկի հրամանատարին առձեռն տալու վերաբերյալ:
Այնուհետև` Խ. Անդրոյանի հրահանգով, յուրաքանչյուր ամիս վերը նշված ջոկի հրամանատարը տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է պահպանության իրականացման համար պայմանագրով սահմանված գումարները, որոնք ամբողջությամբ առձեռն հանձնել է Խ. Անդրոյանին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մինասյանի պահանջով յուրաքանչյուր ամիս յուրացված գումարից 1000 ԱՄՆ դոլար տվել է նրան: Դրանից հետո` Խ. Անդրոյանի հրահանգով, բաժնի հաշվապահը բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել է տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նման կերպ քողարկելով Վ. Մինասյանի կազմակերպմամբ կատարված հափշտակությունները:
Արդյունքում Վ. Մինասյանը վերը նշված ժամանակահատվածում Խ. Անդրոյանի և նույն ջոկի հրամանատարի ու հաշվապահի օժանդակությամբ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.696.255 ՀՀ դրամ գումարի յուրացման կատարումը, որից Վ. Մինասյանի կողմից փաստացի յուրացված գումարի չափը կազմել է 17.000 ԱՄՆ դոլարին համարժեք` 8.239.390 ՀՀ դրամ:
Բացի այդ, Վ. Մինասյանը 2015թ. ապրիլից 2016թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Խ. Անդրոյանից, ինչպես նաև այլ ստորաբաժանումների պետերից յուրաքանչյուր ամիս հավաքել է տարբեր չափի գումարներ և հանձնարարել այլ անձանց միջոցով դրանք փոխակերպել ԱՄՆ դոլարի ու եվրոյի, այնուհետև փոխանցել իր բանկային և քարտային հաշիվներին՝ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել առանձնապես խոշոր չափերով` 775.488.000 ՀՀ դրամին համարժեք 1,6 միլիոն ԱՄՆ դոլար և 4.555.992 ՀՀ դրամին համարժեք 9,4 հազար եվրո գումարի ծագումը:
Հիշյալ գումարների մի մասը Վարդան Մինասյանը բանկերում ներդրել է որպես ավանդ և ստացել տոկոսներ, իսկ մյուս մասը ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում: Մասնավորապես` 2017-2018թթ ընթացքում ՌԴ-ից ձեռք է բերել ընդհանուր 115.094.400 ՀՀ դրամին համարժեք 240.000 ԱՄՆ դոլար արժողությամբ Ռոլս Ռոյս Գոստ, Մերսեդես Ս500 և Բենթլի Կոնտինենտալ մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով 2017-2020 թթ-ին մատուցել է ավտովարձույթի ծառայություն` ստանալով շուրջ 95.160.000 ՀՀ դրամի եկամուտ: Այդ կերպ Վ. Մինասյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 875.203.992 ՀՀ դրամը /գույքը/:
02.12.2021թ.-ին Վարդան Մինասյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար: 03.12.2021թ.-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Քրեական գործի շրջանակներում Խոսրով Անդրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի դրդչության համար:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: