Այնքան քաղաքացի է պատվաստվել, որ սննդի օբյեկտում QR կոդ ներկայացնելը տնտեսական հետևանք չի առաջացնի․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ավելի վաղ հայտնել է, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին, համերգներին և այլ միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։

Նախարարը Ազգային ժողովում այսօր հայտարարեց, որ այնքան քաղաքացի է պատվաստվել, որ սննդի օբյեկտում QR կոդ ներկայացնելը տնտեսական հետևանք չի առաջացնի։ Նա նշեց, որ ՀՀ-ում չկա հանրային իմուտետի այն շեմը, որը մեզ անհրաժեշտ է։

Նա նշեց՝ համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը վերահսկելու տեխնիկական մեխանիզմները կան․ տեսչական մարմինն ու ոստիկանությունը վաղուց են վերահսկման գործառույթներ իրականացնում։

Նախարարին խնդրեցին արձագանքել նաև «Ռեստորանների ասոցացիայի» հայտարարությանը, որով կառավարությանն ու առողջապահության նախարարությանը կոչ է արվում զերծ մնալ քաղաքացիների մուտքը ռեստորաններ սահմանափակող նախաձեռնությունից։

«Ի՞նչ անդրադառնամ դրան։ Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը՝ պաշտպանելու քաղաքացիների առողջությունը», – ասաց Ավանեսյանը։

Նա նշեց նաև՝ սահմանափակումները հունվարի 1-ից են կիրառում, որպեսզի պատվաստվածների թիվը շատ լինի։

«Պատվաստման օրական ցուցանիշներն էլ ցույց են տալիս, որ արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի նաև հանրային սննդի օբյեկտներին, այլ հակառակը», – պնդեց Ավանեսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել