«1988 թվից՝ 33 տարի ես քաղաքականության մեջ եմ, և՛ որպես իշխանություն, և՛ որպես ընդդիմություն, հազարավոր ելույթներ եմ ունեցել, բացատրություններ, հոդվածներ, դուք հիմա մի մասը վերցրել եք և ասում եք, որ դա քրեորեն պատժելի է: Դա ինձ չի վերաբերում, ես իմ 3 տարվա խոսքերից ոչ մեկից չեմ հրաժարվում, այդ թվում նաև այս խոսքերից»,-այս մասին դատարանի դահլիճում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց, որ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել իր խոսքերը:
«Ես մեղադրանքը չեմ ընդունում և իմ ոչ մի խոսքից չեմ հրաժարվում, բայց իրավական գնահատականները պետք է տան իրավաբանները»,-ասաց նա:
Նշենք, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։
Նշենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2021թ. մարտի 9-ին որոշում է կայացվել`Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր: