ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում անցկացվում է փակ աշխատանքային քննարկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկման մեկնարկին հայտնեց, որ աշխատանքային քննարկում են կազմակերպել աշխարահազորի մասին օրենքի հետ կապված, որն ընդունվել է նախորդ տարի հոկտեմբեր ամսին պատերազմի ընթացքում: «Դա, ամենայն հավանականությամբ, ամբողջական չէր: Գուցե ինչ-որ խնդիր լուծեց տվյալ օրենքը, շատ հնարավոր է, որ չլուծեց: Բայց մենք այսօր հավավքվել ենք, որ հասկանանք, թե այս օրենքը խնդիրների ամբողջությունը կարողանու՞մ է լուծել, իսկ եթե ոչ, ապա ինչ պետք է անենք»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Նա առաջարկեց նիստը փակ անցկացնել, քանի որ քննարկելու են օրենքի հետ կապված խնդիրներ, բանակի ռեզերվին առնչվող հարցեր:
Մասնակցում են Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ինչպես նաև Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը, զորահավաքային կառույցի իրավաբանական ծառայության պետ գնդապետ Արեն Սարգսյանը, այլ անձինք:
ՀՀ ԱԺ-ն 2020-ի հոկտեմբերին ընդունել էր «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում էր աշխարհազոր ու սահմանվում այդ եզրույթը: