Նոյեմբերի 26-ին Սահմանադրական դատարանում շարունակվում է «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննությունը։
Դատավոր Արևիկ Պետրոսյանը Սահմանադրական դատարանին միջնորդեց, որպեսզի կառավարությունից պահանջեն աշխատող անձանց կողմից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջների չկատարման արդյունքում աշխատանքից ազատելու վերաբերյալ տեղեկություններ:
«Ես խնդիր եմ տեսնում իրավական հետևանքները կամ պատասխանատվությունը ամրագրող իրավական նորմերի կոնկրետացման որոծակիության հետ կապված: Այս պահին դատարանը քննության է առնում N 65-Ն հրամանի սհամանադրականության հարցը և այս հրամանով, որևէ ուղղակի հետևանք, այդ թվում կարգապահական հետևանք պահանջների չկատարման, դրանց ապահովման համար աշխատողների համար նախատեսված չէ: Խնդիր եմ տեսնում նաև պահանջի հասցեատիրոջ հետ կապված և ես կքվեարկեմ հիշյալ դիքորոշմանը համահունչ իմ մոտեցմանը»,-ասաց էդգար Շաթիրյանը:
2 դեմ, 7 կողմ ձայներով Արևիկ Պետրոսյանի միջնորդությունն ընդունվեց:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Կառավարությունից պահանջեն նախարարի 17-Ն հրամանով նախատեսված սյուբեկտների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկություն. «Կարծում եմ հնգօրյա ժամկետը բավարար կլինի»:
Հրայր Թովմասյանի միջնորդությունն ընդունվեց միաձայն:
«Դատարանը պահանջելու է պատասխանողից ՍԴ ներկայացնել ՊՇՌ թեստավորման նվազագույն և առավելագույն գներն այսօր շուկայում: Ազգային ժողովի և Առողջապահության նախարարության ներկայցուցիչներից պահանջելու է բանավոր և գրավոր ձևով վիճակագրություն, կապված՝ պատվաստված անձանց վարակելիությանը և վարակվելիությանը»,-ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:
Դատաքննությունը լրացուցիչ փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով հետաձգվեց։
Հաջորդ դատաքննությունը նշանակվեց 2021 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին։