Հայաստանի իշխանությունները հայտնել են Ռուսաստանի Դաշնությանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների սկսելու պատրաստակամության մասին, այն բանից հետո, երբ Մոսկվան հայտնեց այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն: Այս մասին ТАСС-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարեցին, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ժամանակ մենք ասացինք, որ պատրաստ ենք կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների։ Եթե գործընթացն առաջ գնա, մենք հանրությանը կտեղեկացնենք իրադարձությունների զարգացման մասին»,- ասաց նա։
Ըստ Հունանյանի՝ ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ «Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ բանակցություններ չկան»,- հավելել է նա։