Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության և սահմանի արևելյան հատվածում առաջացած լարվածության հաստատումից հետո, սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում, ՊՆ-ն ճիշտ կանի որոշակի ինտենսիվությամբ հաղորդագրություններ փոխանցի։
Որքան այդ հաղորդագրությունները օբյեկտիվ և համապարփակ լինեն այնքան լավ, որովհետև տեղեկատվություն թաքցնելը մեր օրերում բավականին բարդ է և դա ոչ միայն խուճապի, այլև բացասական այլ հետևանքների է բերելու։
«Խաղաղության դարաշրջանը» չբացած արդեն փակվեց։ Սրանց իշխանության պայմաններում խաղաղություն երբեք չի լինելու»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է․
«Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։
Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ»։