Նախատեսվում է երկարաձգել անձնագրերի տրամադրման ժամկետը. ԱԺ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին հրավիրված նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաեւ օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու եւ կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած անձանց անձնագիր տրամադրվում է մերձավոր ազգականների դիմումի կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա:

Օրինագծերով նախատեսվում է անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել  2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:

Հաշվի առնելով միջազգային փորձը՝ օրենսդրական փոփոխությամբ  ՀՀ քաղաքացուն նույնպես թույլատրվելու է որպես ծննդավայր նշել այն տարածքը, համայնքը, քաղաքը որտեղ նա ծնվել է:  Փոխոստիկանապետի հավաստմամբ՝ նմանօրինակ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվել «Նույնականացման քարտերի մասին» օրենքում: Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել նախագծերի փաթեթին:

Դրական եզրակացություն ստացած օրենսդրական փաթեթն առաջարկվել է ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել