34-ամյա տղամարդը դանակահարել է 44-ամյա տղամարդուն. ոստիկանություն

Նոյեմբերի 7-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ, դանակահարվածը տեղափոխվել է հիվանդանոց: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է եղել 44 և 34 տարեկան երկու տղամարդկանց միջև, որի ընթացքում 34-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 44-ամյա տղամարդուն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ժամը 23.00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ «ձախ միջին անոթային շրջանի ծակած-կտրած վերք, որը թափանցում է պլևրալ խոռոչ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա տղամարդ, որն ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանություն հաջորդ հաղորդումը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից էր. «ձեռքի կոտրվածք և գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 34-ամյա տղամարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի պողոտայի սուպերմարկետներից մեկի մոտ ընկնելու հետևանքով: Նա ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել