Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցության վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից (կվճարվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար)։
Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Գումարը կտրամադրվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։
online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումի ներկայացման համար անհրաժեշտ է նախ մուտք գործել «ՀՀ կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհան, ապա «Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության միջոցառումներ» էջ, այնուհետև «Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությաունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության դիմումներ» դաշտում սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։ Պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո՝ անհրաժեշտ է սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը:
Մուտքագրման ավարտը գրանցելուց հետո դիմումը կհաշվառվի փաստաթղթային ստուգման համար, որի արդյունքի (դիմումի մերժման կամ հաստատման) մասին ծանուցում կուղարկվի էլ.փոստի միջոցով:
Վճարման ցուցակում ներառվելու և ցուցակը բանկին տրամադրելու դեպքում դիմումում նշված հեռախոսահամարին կուղարկվի ծանուցում՝ վճարման ենթակա գումարի և բանկի նշումով:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն տրվում է պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։
Աջակցությունը տրամադրվելու է 4 ամիս ժամկետով՝ 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներից յուրաքանչյուրի համար՝
- երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 50,000 դրամ,
- մյուս շահառուներին (կանայք, տղամարդիկ, այդ թվում՝ կենսաթոշակառուներ) 25,000 դրամ։
Ծրագրի շահառու են նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված այն երեխաներին, ում դրամական օգնություն նշանակելու դիմումը ներկայացնող ծնողը վերոնշյալ միջոցառումներից (300,000 կամ 250,000 դրամ) որևէ մեկի շահառու է։