«Տաշիր պիցցայի» կետերում թունավորված արդեն 122 քաղաքացի է դիմել բուժօգնության․ 6-ի վիճակը ծանր է

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով ընդհանուր դեպքերը կազմել են 122, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են: Նոյեմբերի 6-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ բուժումը շարունակում են 88 քաղաքացի, որոնցից 19-ը՝ մինչև 18 տարեկան:

34 պացիենտ, որոնցից 2-ը՝ մինչև 18 տարեկան, դուրս է գրվել: Հոսպիտալացվածներից 64-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 18-ը մինչև 18 տարեկան են: 10 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 12-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։ Պացիենտներից 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Ա. Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում: Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն:

«Տաշիր պիցցայի» թիմը հայտարարել է․

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ Խանջյան 50 և Հյուսիսային պողոտա 18 հասցեներում գտնվող «Տաշիր Պիցցա» հանրային սննդի կետերը ժամանակավորապես չեն գործում, քանի որ այդ հասցեներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ խնդրի բացահայտման նպատակով։ Մենք մշտապես սերտ համագործակցում ենք համապատասխան տեսչական մարմինների հետ։ Մեզ համար խնդրի բացահայտումը չափազանց կարևոր է, քանի որ մեր հաճախորդների առողջությունը և անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։

Մենք այս պահին զերծ կմնանք հավելյալ մեկնաբանություններից մինչև հստակ տեղեկատվության ստացումը համապատասխան մասնագետների կողմից։

Մասնագետների եզրակացությունից հետո մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել