Բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատության սահմանադրաիրավական խնդիրները. Հայ-Ռուսական համալսարանում քննարկում է անցկացվել

Հայ-Ռուսական համալսարանում կայացել է «Բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատության սահմանադրաիրավական խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Այս մասին հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։

«Իսկապես ուրախ եմ, որ այսօր այս քննարկումը տեղի է ունենում մեր համալսարանում։ Այն առավել քան արդիական է իմ կարծիքով, որովհետև երեկ մենք ականատես եղանք Արդարադատության նախարարության կողմից անցկացված լայն մի միջոցառմանը, որի նպատակն էր ՀՀ նոր Սահմանադրության ուղղությամբ քննարկումներ սկսելը։ Եվ, իհարկե, այս ենթատեքստում մեզ համար կարևորագույն խնդիր է բուհերի և համալսարանների ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը ոչ միայն շեշտադրել, այլ նաև բարձրացնել սահմանադրականության մակարդակին։ Այո, մենք իսկապես համոզված ենք, որ այս թեզը համալսարանների ինքնավարության և ակադեմիական ազատության, ավտոնոմ կառավարման թեզը պարտադիր պետք է տեղ գտնի ՀՀ նոր Սահմանադրությունում, եթե, իհարկե, այդ աշխատանքները (սահմանադրական բարեփոխումները) պսակվեն հաջողությամբ։ Ես ուրախ եմ նաև այն փաստից, որ Հայ-Ռուսական համալսարանն այսօր մեր երկրի համալսարանական հանրության առաջատարն է այս իմաստով, որովհետև մեր կառավարման համակարգը եզակի և ունիկալ է և արդեն ապացուցել է իր ոչ միայն կենսունակությունը, նաև բացարձակ արդյունավետությունը։ Կառավարման համակարգը, որը հենց ապահովում է բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը և ազատ ակադեմիական հարթակ լինելու ոչ միայն հնարավորությունը, այլ նաև պարտավորությունը»,- իր բացման խոսքում շեշտել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։ 

Նա անձնապես համոզված է, որ չի կարող լինել ազատ, անկախ, սուվերեն պետություն, առանց ազատ, անկախ և սուվերեն համալսարանների։ «Եթե մենք նայենք և փորձենք գնահատել աշխարհի երկրներն իրենց արդյունավետության տեսանկյունից, ապա կտեսնենք, որ ամենաառաջատարը և ամենաարդյունավետն այն երկրներն են, որոնք ունեն ազատ, ինքնավար, քաղաքական և պետական ճնշումներից զուրկ համալսարաններ, որոնք ղեկավարվում են ակադեմիական ազատության սկզբունքներով։ Եվ այդ ազատությունը երաշխավորված է և իրենց կանոնադրություններով, և այդ երկրների օրենսդրությամբ։ Ու այդ ազատությունն է, որը բերում է ազատ մտքի, ազատ գաղափարների, ազատ ոգու գերակայությանը հասարակության մեջ։ Այն գերակայությանը, որն արդյունքում պահանջատեր է դառնալու արդյունավետ և սուվերեն պետությանը»,- նշել է նա։ 

Վերոնշյալ կլոն-սեղան քննարկումը կազմակերպել է ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնը։

Նրա խոսքով՝ Հայ-Ռուսական համալսարանի գոյության համարյա 25 տարիներն  (2022թ-ին Հայ-Ռուսական համալսարանը կտոնի իր հիմնադրման 25-ամյակը) ապացուցեցին այն փաստը, որ ակադեմիական ազատության այն դրույթները, որոնք ամրագրված են ՀՀ և ՌԴ միջև կնքված միջպետական համաձայնագրով, ապահովում են համալսարանի ակադեմիական ազատությունը։ 

«Սա միակ դեպքն է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ազատությունն ամրագրված է կանոնադրական կողմնորոշիչ փաստաթղթով, որը միջպետական համաձայնագիր է, որն իր բնույթով ունի առավել ուժ, քան ՀՀ և ՌԴ ներպետական օրենսդրությունները։ Եվ մեր համալսարանի ռեկտորն ընտրվում է համալսարանի բարձրագույն մարմնի՝ կոնֆերանսի կողմից, որին մասնակցում են 500-ից ավելի մարդ։ Բացի այդ՝ ռեկտորը ի պաշտոնե հանդիսանում է գիտական խորհրդի ղեկավար և նաև գիտխորհուրդը ու կառավարչական խորհուրդը նույնականացված են։ Ինձ համար մեծ թյուրիմացություն է թվացել այն հանգամանքը, որ մեր նախահեղափոխական և հեղափոխական պաշտոնյաները նույն կերպ են մտածել ու գործել։ Իրենք համարում են, որ համալսարանի հանրությունը ունակ է արդյունավետ կառավարելու և որպեսզի բուհերն արդյունավետ կառավարվեն, ապա նրանց պետք է ղեկավարեն չինովնիկները։ Սա է, ցավոք սրտի, մոտեցումը։ Եվ սա է նաև այն հանգամանքը, որը ստիպում է մեզ այսօր բարձրաձայնել այս խնդիրը։ Այսօր միտում է գնում մեր երկրում սահմանադրականության քննարկման ակտիվացման և որոշակի սկզբունքների ամրագրման և ես տեսնում եմ բացարձակ անհրաժեշտություն, որ մեր համալսարանի հենքով մենք բարձրացնենք համալսարանական հանրությունը և նրա ձայնը և ամրագրենք ազատության, ազատականության, ազատ մտքի, ազատ գաղափարի, ազատ ոգու, ուսումնասիրությունների, գիտության գերակայության խնդիրները բարձրացնենք սահմանադրականության աստիճանը, որը համարում են սկզբունքային և կարևորագույն խնդիր։ Դրանով իսկ մենք կապահովենք և կարևորագույն հիմք կդնենք նաև պետության սուվերենության պաշտպանության համար»,- ասել է Արմեն Դարբինյանը։  

Քննարկմանը զեկույցներով հանդես են եկել ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Թամարա Շաքարյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Արսեն Թավադյանը, ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Իրմա Ճաղարյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության փորձագիտականվերլուծական բաժնի գլխավոր մասնագետ Արտակ Ղազարյանը, ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության 3-րդ կուրսի ուսանող Ֆենյա Աղաբեկյանը, ՀՖՀՀ ուսանողական խորհրդի նախագահի ԺՊ, իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Դրոշակյանը։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել