ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով նոյեմբերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։

Այցի նպատակն է որակական նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջդատարանական համագործակցության խորացմանը։

Պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենան առանձնազրույց՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանադրական դատարանների նախագահների միջև, ընդլայնված կազմերով մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ:

Արդեն տեղի է ունեցել ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը։

Ողջունելով իր վրացի գործընկերոջը՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությունը և հույս հայտնել, որ պաշտոնական այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Մերաբ Տուրավան իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտոնական այց կատարելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի ամրապնդման համար։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկկողմանի օրակարգի բոլոր հարցերով ու դիտարկել համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել