Կինը դանակի սպառնալիքով դեղատներից գումար է հափշտակել․ Քննչական կոմիտե

2021թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 1830-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ անծանոթ մի կին դանակով սպառնացել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատան աշխատակցին և հափշտակել գումար։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած կինը, ավազակություն կատարելու եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով հարձակվել է վերոնշյալ դեղատան աշխատակցուհու վրա և վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դանակը պահելով նրա որովայնի շրջանում՝ հափշտակել է զգալի չափի՝ 159.000 ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ 2021թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 20:05-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, մի կին բժշկական դիմակով մուտք է գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատուն, որտեղ դանակով սպառնացել է իրեն, ապա բացելով դեղատան դրամարկղը, հափշտակել է գումար՝ և հեռացել։

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, անհայտ կինը ավազակություն կատարելու եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող դանակով հարձակվել է վերոհիշյալ հասցեում գործող դեղատան աշխատակի վրա և վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է զգալի չափի՝ 57.000 ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել