Համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները․ ԵԱՀԿ ՄԽ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Իգոր Խովաև (Ռուսաստանի Դաշնություն)) հոկտեմբերի 8-ին հայտարարություն են տարածել․

«Հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ:

Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներն իրականացնելու լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել են հնարավոր էսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում՝ ձերբակալվածներին, անհայտ կորածներին և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձին: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ համաձայնության ոլորտներ գտնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու մտադրությունը:

Համանախագահները դրական են ընդունել նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները, որոնք սկզբունքային պատրաստակամություն են հայտնում միմյանց հետ հանդիպելու համանախագահների հովանու ներքո: Համանախագահներն անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելու և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան՝ քննարկելու այս գործընթացի հետագա քայլերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել