Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարց ուղղեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրելով՝ առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ փոխհամաձայնագիր է կնքվել Հայաստանի և Լիտվայի միջև և ի՞նչ առողջապահական խնդիրներ են լուծվելու։
«Ցավոք սրտի շատ անձինք, մասնագետներ, իրավաբաններ փորձում են խոչընդոտել պատվաստման գործընթացին։ Կեղծ լուրերի, ապատեղեկատվության միջոցով փորձում են շեղել մեր քաղաքացիներին»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ չնայած այդ հակաքարոզչությանը, պատվաստումների ցուցանիշները շեշտակի աճել են։ Անցած շաբաթ օրական 15 հազար մարդ պատվաստվել է։
«Լիտվայի Հանրապետության հետ վերջին 1․5 տարին ակտիվ համագործակցություն ենք վարել և այս համաձայնագիրն էլ կարծես ֆորմալացնելու և հետագա մեր անելիքներն ուղենիշելու համար էր։ Նրանք 50 հազար դեղաչափ «Մադեռնա» պատվաստանյութ նվիրեցին Հայաստանին»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ Լիտվայի հետ կհամագործակցեն համապարփակ ապահովագրության փորձի փոխանակման շրջանակներում։
«Այս պահին առկա է 4 տեսակի պատվաստանյութ։ Պետք է նշեմ՝ կարևոր չէ քանակը պատվաստանյութերի, տեսակը պատվաստանյութերի, կարևորը, որ մենք ունենք պատվաստանյութ, և օր առաջ պետք է պատվաստվել»,-նշեց նախարարը։