Ինձ հաճախ են հարցնում՝ «լավ, ելքը ո՞րն է»․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի ու հայության համար վճռորոշ ու պատմական օրեր են։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում, վստահ մտնելու է պատմության դասագրքեր։ Եթե մեզ հաջողվի դուրս գալ այս անկման վիճակից, ապա այս ամենի մասին կկարդանք հենց հայոց պատմության գրքերում, հակառակ դեպքում՝ միայն օտարների գրքերը կլինեն, քանի որ չի լինի էլ հայոց պատմություն գրող և ընթերցող հայ։

Ինձ հաճախ են հարցնում՝ «լավ, ելքը ո՞րն է»։

Պատասխանը շատ հստակ է. առանց նոր ազգային վերնախավի ու առաջամարտիկների հնարավոր չի լինելու դիմակայել մեր օրերի մարտահրավերներին՝ անվտանգայինից մինչև ինքնության պահպանում։ Այդ վերնախավը չի կարող ծնվել օդից, դրա համար կամք, ջանք ու եռանդ է պետք, ռեսուրս ու ժամանակ։

Բոլոր հայկական ինստիտուտները՝ առաքելական եկեղեցուց մինչև հայկական սփյուռքյան կազմակերպություններ, ինչպես նաև արդեն «ծերացած» ազգային վերնախավի ներկայացուցիչները պետք է լծվեն մեկ նպատակի. արագորեն կրթել, պատրաստել, աճեցնել ու մոբիլիզացնել նոր ազգային վերնախավ, որ հնարավորինս արագ կստանձնի Հայաստանի պահպանման պատասխանատվությունը և կդիմագրավի առկա մարտահրավերներին։

Պետք է, սակայն, նշել, որ որքան էլ արագ անենք այս գործընթացը, միևնույն է՝ սրա համար ժամանակ է պետք, համբերություն և հաստատակամություն։ Դատելով իմ ու ընկերներիս հանրային գործունեության փորձից թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում կան միայն եզակի անձինք ու հաստատություններ, որոնք ոչ միայն հասկանում են սա, այլև պատրաստ են երկարաժամկետ ներդրում անել այս գործում։ Հենց այդպիսի մարդկանց սակավությունն է պատճառը, որ չկա ո՛չ փրկություն, ո՛չ էլ փրկության հեռանկար, այլ միայն անարդյունք բողոք ֆեյսբուքներում, ավարտվող պետականություն և ազգ։

Կրկնվեմ, այլ փրկություն չկա։ Նույնիսկ այս իշխանությունների հեռացումը դեռ փրկության երաշխիք չէ։ Դրանից հետո եկող մարտահրավերները հաղթահարելու համար պետք են անհավանական կարող մարդիկ, որոնք կվերցնեն պատասխանատվություն՝ հասկանալով իրական խնդիրները։

Ես ու իմ ընկերները, մեր համախոհները եղած բոլոր ջանքերն ուղղելու ենք հենց այդ առաջամարտիկների պատրաստմանը՝ կոմպետենտ, գիտակ, նվիրված ազգին ու պետության գաղափարին, ժամանակակից ու կարող։ Սա բարդ է, երկար, բայց միակ արդյունավետ միջոցը։ Առավել բարդ է, երբ անում ենք ոչ ձևական։

Այդ ուղղությամբ այս պահին մեր ամենալուրջ քայլը «Հայկական համալսարան» ծրագիրն է, որը սկսել ենք օրերս։ Արդեն ստացել ենք շուրջ 100 դիմում՝ պայծառ երիտասարդներից։ Առաջիկա չորս ամիսներին ամենօրյա ռեժիմում մեր ուժերի ու ռեսուրսների ներածին չափով փոխանցելու ենք նրանց անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ հուսալով, որ նրանցից առավել նախաձեռնողները այդ գիտելիքը կդարձնեն իրական գործ՝ ի հեճուկս կեղծ փրկիչների ու հերոսների։
«Հայկական համալսարանին» դիմելու վերջնաժամկետը լրանում է այս կեսգիշեր։ Եթե ուզում եք մասնակցել, ապա կարող եք դիմել uni.armenianproject.com կայքում, եթե ցանկություն ունեք աջակցելու ծրագրին, ապա կապվեք մեզ հետ կամ նայեք այս էջը՝ http://armenianproject.com/support/ :

Հ.գ. Նկարում Կարս քաղաքի շրջակայքում գտնվող հայկական եկեղեցիներից մեկի ավերակն է, որը կառուցել են Բագրատունիները, սակայն 100 տարի առաջ մոտավորապես այսօրվա սցենարով նվիրվեց թշնամուն և դարձավ քարակտոր։ Այսօր մեր պետության ու ազգի վիճակը կարելի է մոտավորապես այս ավերակով նկարագրել։
Որպեսզի Երևանն ու Կապանը Կարս չդառնան, պետք է անցնել վերևի ճամփով»։

May be an image of հուշարձան և բնությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել