Կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանության մեջ մեղադրվողին կալանավորել են

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 3-րդ կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանության մեջ մեղադրվող նույն կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: 

Նրա փոխանցմամբ` կալանավորման որոշումը կայացվել է երկու ամսով:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:

Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի և Ս.Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել