«Սորոսից գրանտներ վաստակողը թող հետաքննություն սկսի՝ ինչպես ստացվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը 2 գերշքեղ, գերթանկարժեք «Մերսեդես» գնեց». Հայկ Մամիջանյան

«Երեկ իշխանական քարոզչամեքենայի կողմից սանձազերծվեց արշավ ընդդեմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, իբր նա ապրիլյան պատերազմի հաջորդող օրը գտնվել է Բադեն-Բադեն քաղաքում: Առաջինը, որ մեր մտքով անցավ՝ օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված, իսկ ես հիշեցնեմ, որ նա ասել էր՝ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատուն է հաճախել»,-այս մասին Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Ըստ նրա՝ դա ուղղված է եղել մի շարք կարևոր խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելուն, օրինակ՝ գերիների, անվտանգային և այլ:

«Օրվա ավարտին արշավին միացան «նիկոլական» քարոզչամեքենայի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են՝ «Ազատությունը», Հանրայինը հեռուստաընկերությունը: Նրանցից ակնկալում եմ, որ առնվազն նույնքան ժամանակ կլուսաբանեն հերքումը, ինչքան որ լուսաբանել են այդ կեղծիքը: Մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական, հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն:

Չեմ կարող չհիշատակել նաև այս ողջ արշավի ճարտարապետին՝ Սորոսից գրանտներ վաստակող Դանիել Իոաննիսյանին, որը մեր երկրում ամեն ինչի մասնագետ է՝ Սահմանադրությունից մինչև Ընտրական օրենսգիրք, և եթե նա այդքան սիրահար է հետաքննությունների, ես իրեն խորհուրդ կտամ հետաքննություն սկսի, թե ինչպես ստացվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը 2 գերշքեղ և գերթանկարժեք «Մերսեդես» գնեց իրենց սպասարկելու համար»,-նշեց պատգամավորը:

Հայկ Մամիջանյանը նշեց, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կզբաղվի «Հայաստան» Համահայկական հիմնադրամի պատերազմի ընթացքում և դրան հաջորդող շրջանում միջոցների ծախսման և տնօրինման արդյունավետության հետ:

«Քննության առարկա են դարձվելու ոչ միայն բուն միջոցներն, այլ նաև մենք գիտենք, որ տեղի են ունեցել հանցավոր կանխիկացումներ, թե՛ հիմնադրամից, թե՛ պետբյուջեից: Տեղի է ունեցել ուղիղ բյուջետային ֆինանսավորում հիմնադրամից, մենք հիմնավոր կասկած ունենք համարելու, որ պետական բյուջեում պարզապես գումար չկար պարգևավճարների համար, դրա համար մեր բոլորիս հավաքած գումարն ուղղվել է պետական բյուջե»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել