Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանում տեղադրել առաջարկությունների արկղեր

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած քննարկումներին, նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է: 

<<Երևանը զարգացող քաղաք է և միշտ պետք է ունենա զարգացման իր տեսլականն ու ծրագրային փաթեթները, ինչը, սակայն, չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կարող են ընդունելի լինել և կամ կյանքի կոչվել անմիջապես: Այսօր մենք քաղաքաշինական մի շարք ծրագրեր ենք իրականացնում, որոնց նախագծերը մեզ են փոխանցվել մեր նախորդներից: Մասնավորապես, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու ներկայում ընթացող շինարարության նախագիծը մշակվել է դեռևս 1970-ական թվականներին, և մենք այն այսօր կյանքի ենք կոչում: Մենք էլ մեր հերթին պետք է մշակենք տարբեր ծրագրեր, որոնց մի մասը, հնարավորության դեպքում, կիրականացնենք հիմա, իսկ մյուս մասն էլ կփոխանցենք հաջորդ սերունդներին>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով մայրաքաղաքի մյուս հրապարակների վերակառուցման և զարգացման մասով ևս հայտարարել բաց մրցույթներ:

Երևանի զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական բոլոր շրջանների առավել մարդաշատ վայրերում տեղադրել առաջարկությունների արկղեր, որոնց միջոցով երևանցիները հնարավորություն կունենան իրենց մոտեցումները փոխանցել քաղաքապետարանին:

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով ներգրավվում են նոր աշխատակիցներ: Կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել