«Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսի ղեկավարած պատվիրակությանը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային Ժողովում «Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի ղեկավարած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։

«Պատվիրակության անդամները Հայաստան են այցելել՝ ծանոթանալու տիրող իրավիճակին, ինչպես նաև՝ Հայաստանի հասարակական ու քաղաքական շրջանակների հետ քննարկելու միջազգային հարթակներում Հայաստանին անհրաժեշտ աջակցության հարցեր:

Պատվիրակությունը նախորդ օրն, ի դեպ, այցելել էր Սյունիքի մարզ:

​Ողջունելով հյուրերին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց բարոնուհի Քոքսի անշահախնդիր բարեկամությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունում հետպատերազմյան շրջանում տիրող քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը և հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներն ու օժանդակության կարիքները:

Խմբակցության անդամները խնդրել են բարոնուհուն և իր գործընկերներին ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին օր առաջ և առանց որևէ նախապայմանի տուն վերադարձնելու հարցում, ինչպես նաև կանխելու Արցախի գրավյալ տարածքներում հայկական հոգևոր և պատմա-մշակութային ժառանգության ոչնչացումը:

Պատգամավորները նաև խնդրել են հյուրերին միջազգային հարթակներում բարձրաձայնել ադրբեջանա-թուրքական հրոսակների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում գործած ռազմական հանցագործությունների մասին:

​Կողմերը պայմանավորվել են շարունակել և խորացնել համագործակցությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել