Ադրբեջանցիների կողմից ձերբակալված իրանցի վարորդները ազատ կարձակվեն եռօրյա ժամկետում․ Սուրեն Պապիկյան

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն եռօրյա ժամկետում։ Այս մասին սեպտեմբերի 16-ին  լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

«Այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են, այս պահին նաև բանակցություններ են ընթանում, նաև ԻԻՀ-ն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։ Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- նշել է Սուրեն  Պապիկյանը՝  տեղեկացնելով, որ ստեղծված իրավիճակի պատճառով բեռնափոխադրումների ծավալը չի նվազել։

«Բեռների փոխադրումը Իրանից ՀՀ կանգ չի առնելու։ Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,-  ընդգծել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Գորիս-Կապան ճանապարհին «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու համար» իրանցի վարորդները ձերբակալվել են։

«Այդ մեքենաների վարորդների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության», – ասված էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զախիդովը հայտնել է, թե ձերբակալված վարորդներն «անօրինական կերպով մուտք են գործել Ադրբեջանի տարածք»:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն մեկնաբանել էր Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ հայտարարությունները:

Խոսքը վերաբերում է իրանական բեռնատարներին, որոնք անցնում են այդ մայրուղու հատվածով, որտեղ նախօրեին տեղադրվել է ադրբեջանցիների ոստիկանական անցակետը։

«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկի, ինչպես նաև պետական ​​տուրք վճարելու` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար` «Պետական ​​տուրքի մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի 24 -րդ հոդվածի համաձայն»,-նշված էր հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան․net-ին հայտնել են, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել