Վերաբացվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը

Շիրակի մարզպետարանը հայտնում է․

«Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը հետևել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Մաստարայի հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Շիրակի մարզում Լանջիկ-Գյումրի հատվածն է կառուցվելու, ընդհանուր 27,5 կմ: Սուրեն Պապիկյանը պատասխանատուների հետ զրույցում կարևորել է աշխատանքների որակյալ և արագ իրականացումը։

Պատվիրակությունն այցելել է նաև «Շիրակ» օդանավակայան, որտեղ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեի հետ մասնակցել է նորոգված վազքուղու և ժամանման սրահի բացման հանդիսավոր արարողությանը։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար ներդրումների շրջանակում «Շիրակ» օդանավակայանում կառուցվել է նոր ժամանման սրահ և ամբողջությամբ նորոգվել վազքուղին:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է Շիրակի մարզում միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան ունենալը․ «Գյումրու օդանավակայնի ներկայիս վիճակը անհամեմատ լավ է, կարծում եմ՝ այն դառնալու է Շիրակի մարզի զարգացման կարևոր գրավականը և նպաստելու է մարզում զբոսաշրջության զարգացմանը»։

3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն ունեցող վազքուղին վերջին անգամ հիմնանորոգվել էր 14 տարի առաջ: Նոր սրահը ունի 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, որն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի եռապատկել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել