Ադրբեջանցիները Տեղի սահմանագծին «ՈւԱԶ»-ը կապել են «ԿԱՄԱԶ»-ի հետևից և գողացել․ համայնքապետ

Սահմանագծից ադրբեջանցիները գողացել են 44-օրյա պատերազմից հետո Տեղ համայնքում բնակություն հաստատած Արցախի Հանրապետության քաղաքացու «ՈւԱԶ»-ը։

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

«Ինքը գնացել է Արցախ, հետ գալու ժամանակ դաշտամիջյան ճանապարհով է եկել, դեպքը եղել է Լաչինի միջանցքի և Տեղ համայնքի վարչական սահմանի վրա։ Այդ պահին վառելիքը վերջացել է, համարյա սահմանագծի վրա է եղել, ինքը եկել է գյուղ, որ վառելիք տանի, ադրբեջանցիները մոտեցել են մեքենային, կապել են «ԿԱՄԱԶ»-ի հետևից, քաշել, տարել են»։

Նա նշեց, որ մեքենան հետ բերելու համար որոշակի գործողություններ արդեն իսկ արել են։

«Ես դիմել եմ ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարությանը, դիմել ենք նաև ռուսական խաղաղապահներին, ԱՀ քաղաքացու ներկայացուցչին ուղարկել ենք Արցախ, ինքը գնացել է այնտեղ տեղակայված ռուսականխաղաղապահ զորքերի հրամանատարին է դիմել։ Ինչ որ պահանջվել է, արվել է, սպասում ենք դեպքերի զարգացմանը»,- նշեց համայնքապետը։

Ներսես Շադունցը նաև հավելեց, որ գյուղում իրավիճակը հանգիստ է, միջադեպեր չեն արձանագրվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել