Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին

Սեպտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան՝ աշխատակազմին, համայնքապետերին և մարզի ենթակառուցվածքների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին:

Այս մասին հայտնում են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից։

«Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա երեք տարի պատասխանատու կերպով ղեկավարել է մարզը:

Ներկայացնելով Կարեն Սարգսյանին՝ նա նշել է, որ վերջինս երկար ժամանակ գլխավորել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն, մինչ այդ Գեղարքունիքի մարզում ջրային ոլորտում պատասխանատու դերակատարում է ունեցել: Շնորհավորելով Կարեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը նրան մաղթել է հաջողություններ և պատրաստակամություն հայտնել աջակցել յուրաքանչյուր լավ նպատակի իրագործման հարցում:

Գնել Սանոսյանը մեծ պատիվ է համարել հարազատ մարզի ղեկավարումը՝ ընդգծելով, որ հնարավորություն է ունեցել սեփական փորձով, գիտելիքներով և կարողություններով օգտակար լինել: Նա շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար՝ միասին աշխատած ժամանակաշրջանը որակելով բարդ, սակայն լի համայնքային տարբեր ոլորտների ձեռքբերումներով: Նա հաջողություն է մաղթել նորանշանակ մարզպետին դժվարին խնդիրների լուծման գործում՝ ի շահ մարզի ու նրա բնակչության:

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոն իրեն վստահելու համար՝ նշելով, որ մարզը զարգանալու է ՀՀ կառավարության ծրագրին համահունչ և բոլոր խոստումները տեսանելի ապագայում իրականություն են դառնալու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել