Փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հարգելի գործընկերներ,
Շնորհակալ եմ վստահության համար:
Ձեր կողմից ընտրվեց ինստիտուտի ձեռքբերումները պահպանելու և այն զարգացնելու ուղին: Փաստաբանական համայնքը ասեց իր խոսքը՝ ապացուցելով, որ ղեկավարվում է անկախության և ինքնակառավարման սկզբունքներով:
Գործադրելու եմ ողջ կարողություններս, որպեսզի լուծում ստանան ուրվագծած խնդիրները:
Փաստաբանական ինստիտուտի զարգացման գրավականը՝ անկախությունն ու միասնականությունն է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Փաստաբանների պալատում տեղի է ունեցել պալատի նախագահի ընտրությունը:
Քվեարկությանը մասնակցել է 1111 փաստաբան:
Քվեարկության արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.09.2021թ. որոշմամբ՝ չորս տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանների 937 կողմ ձայներով (84,3%):
ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորություններն սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից: